Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Գատո, 5,6,7-րդ մասեր

Շարունակենք Ջոն Գատոյի հոդվածի վերլուծությունը։

Ըստ նրա, ուսուցիչը դպրոցում յոթ առարկա է դասավանդում։ Նախորդում քննարկել եմ առաջինից չորրորդ մասերը։

5-րդ առարկա` մտավոր կախվածություն

Հինգերորդը, որը տալիս եմ երեխաներին, մտավոր կախվածության դասն է: Երեխաները դպրոցում սովորում են, որ պետք է սպասել, թե ինչ կասի ուսուցիչը, նոր անցնել գործի։ Հաճախ չի խրախուսվում ինքնուրույնությունը։ Եվ այսպես սովորողները մեծահասակ դառնալով կրկին սպասում են, որ իրենցից խելացի կամ փորձառու որևէ մեկը կա, որ պիտի ուղղորդի իրենց։ Իսկ ծնողները հաճախ վստահ են, որ սխալ է իր երեխան, իսկ ուսուցիչն ու մնացածները ավելի լավ են հասկանում և դպրոցը սխալ չի կարող լինել։ Նրանք հարցականի տակ չեն դնում կրթությունը։

6-րդ առարկա` ինքնագնահատականի կախվածություն շրջապատի կարծիքից

Երեխաներին սովորեցնում եմ, որ սեփական անձի մասին իրենց պատկերացումները որոշվում են շրջապատողների կարծիքով: Սովորողները դպրոցում անդադար թեստեր են գրում և քննություններ հանձնում և դրանցով որոշում այդ սովորողի ուսումնական մակարդակը։ Ծնողները դրանով են որոշում, թե ինչպես է իրեն դրսևորում իրենց երեխան դպրոցում և թե ինչքան օրինակելի կամ խելացի է նա։ Այսպես երեխաները սովորում են, որ կարևոր է ուրիշի, հատկապես՝ ուսուցչի գնահատականն ու գովքը։ Երեխան չի սովորում ռեալ գնահատել ինքն իրեն։

7-րդ առարկա` ամբողջական վերահսկում, կամ  թաքնվելն անհնար է

Յոթերորդ առարկան, որ տալիս եմ երեխաներին, հանգում է նրան, որ արտաքին հսկողությունից թաքնվելն անհնար է: Սովորողներին դպրոցում չեն տալիս անձնական տարածք։ Սովորողը դասի ընթացքում չպիտի շփվի ընկերների հետ, խոսի կամ ծիծաղի, իսկ դասից դուրս ժամանակը հերիքում է դասարանից դասարան գնալուն։ Սովորողին ներշնչում են, որ այն ամենը, ինչ նա անում է դպրոցում կամ մտածում, ամբողջ դպրոցի սեփականությունն է։

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: 1,2,3.4-րդ մասեր

Ջոն Թեյլոր Գատոն առանձնանացնում է մի քանի կարևոր կետեր, թե ինչպես է դասավանդում ուսուցիչը՝ իր կամքից անկախ, քանի որ համակարգն է ստիպում։

1․ Սովորողների ուղեղում լցնում ենք կյանքի իրար հետ կապ չունեցող տարբեր տեղեկություն, իսկ սովորողը չի կարող մտապահել դրանք, եթե իր ուղեղում նա չի կապում այն իրեն ծանոթ երևույթների հետ։ Երեխաների վրա ամեն օր լցվում է այս ինֆորմացիոն հեղեղը և նրանց միակ ռեակցիան դրան սովորելուց զզվանքն ու բարկությունն է։ Մարդու իմաստը գտնելու դարավոր ձգտումը դժվարությամբ է երևում դպրոցական ծրագրերի կարկատած ծածկոցի և դպրոցի փաստերով և տեսություններով գրավվածության տակից: 

2․ Սովորողներին հնարավորություն չի տրվում սովորել իրենց ընտրած աշակերտների հետ, ավելին՝ անիմաստ մրցակցություն է մտցվում տարբեր դասարանների միջև, ընկերանալու և իրա աջակցելու փոխարեն նրանք խմբավորված դասարաններ են դառնում։ Սովորողին հաճախ պետք է խաբել, որ այնտեղ, որտեղ նա հայտնվել է, լավագույն տեղն է, քանի որ անկեղծությունը և դպրոցական ուսուցումը իրենց էությամբ անհամատեղելի են, ինչը դեռ Սոկրատեսն էր պնդում հազար տարի առաջ:

3․ Սովորողը յուրաքանչյուր անելիքի համար ունի հստակ սահմանված ժամանակ և մինչ նա հասցնում է իր հոգին դնել մի բանի մեջ, զանգը հնչում է, և նա ստիպված է լրիվ այլ բանով զբաղվել։ Սովորողը հասկանում է, որ ոչնչով հետաքրքրվելը կարևոր չէ, կարևոր է կարգ ու կանոնին հետևելը։ Զանգերը ցանկացած նախաձեռնություն լցնում են անտարբերությամբ: Ձմեռային ճամբարը սա հասկանալու հիանալի հնարավորություն տվեց։ Երբ սովորողները անում են մեկ գործը ամբողջությամբ, նոր անցնում հաջորդին՝ առանց ժամանակացույցի։ Այսպիսով սովորողները հասցնում են հաճույք ստանալ իրենց արածից։

4․ Սովորողները կախվածության մեջ են ընկնում իրենց ուսուցչից և իր դրած գնահատականներից։ Սովորողին ստիպում ենք իրենք իրենց դատել գնահատականներով և սպասել ուսուցչի հավանությանը իրենց ջանքերին։ Այսպիսով ուսուցիչը բացարձակ իշխանություն է ձեռք բերում իր սովորողների վրա։

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Ջոն Դյուիի «Իմ մանկավարժական դավանանքը» հասարակության մեջ կրթության դերի նրա համոզմունքների մասին փիլիսոփայական հոդվածն է:

Continue reading “Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի”

Սելեստեն Ֆրենե Մանկավարժական ինվարիանտներ

Այսօր քննարկելու ենք Սելեստեն Ֆրենեի մանկավարժական ինվարիանտները։

Continue reading “Սելեստեն Ֆրենե Մանկավարժական ինվարիանտներ”

Մարիոնետների ֆաբրիկա։ Ջոն Թեյլոր Գատո

Նախորդ վերլուծության մեջ խոսում էի այն մասին, որ կրթության մեջ հույսը դրված է անհատի պատասխանատվության վրա և չունենք պետական տեսանելի զարգացման բարեփոխումներ։ Այդ մասին էլ խոսվում է հոդվածում. ինչքան էլ ուսուցիչը ցանկանա լավագույնը անել, միայն պետական ճիշտ մոտեցումը և նոր համակարգը կարող է հիմնահատակ փոփոխություններ մտցնել կրթական ոլորտում։ Դպրոցը ինչ֊որ չափով հասարակության արտացոլումն է և հետո այդ դպրոցն ավարտած մեծահասակն է դպրոցից ստացածը բերում հասարակություն։

Continue reading “Մարիոնետների ֆաբրիկա։ Ջոն Թեյլոր Գատո”

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Կրթության կազմակերպումը հիմնավոր փոփոխության կարիք ունի ամբողջ աշխարհում, թեպետ՝ մեզ նման փոքր երկրում շատ ավելի են խնդիրները և փաստացի ոչինչ չենք տեսնում պետական մակարդակով։ Հույսը դրված է միայն անհատի պատասխանատվության վրա։ Որպես ուսուցիչ՝ դպրոցներում աշխատում են հազարավոր բարի, մարդկանց նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ, բայց այդ հասարակական ինստիտուտի վերացարկված տրամաբանությունը կլանում է նրանց անձնական ներդրումները:

Continue reading “Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո”

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ

Ուսուցիչ լինելը չափազանց կարևոր ու պատասխանատու գործ է։ Սա անընդհատ լսում և ասում ենք տարբեր տեղերում, սակայն ի՞նչ է նշանակում պատասխանատու, ինչո՞ւ է պատասխանատու և ի՞նչ է պետք այդ պատասխանատու գործը ճիշտ գլուխ բերելու համար։

Continue reading “Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ”

Ուսուցչի տասը պատվիրանները․ Ջորջ Փոյա

Այսօր ուզում եմ խոսել Ջորջ Փոյայի ուսուցչի տասը պատվիրանների մասին, որոնք օգնում են մեզ ավելի հստակ հասկանալու, թե ով է լավ ուսուցիչը։

Continue reading “Ուսուցչի տասը պատվիրանները․ Ջորջ Փոյա”